28/06/2022 18:30
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դատավորը մերժեց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ առանձին քրեական գործ չի հարուցվի։ Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժել է Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը` Երևանի Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։ Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց 15-օրյա ժամկետում»,– ասել է դատավոր Բիշարյանը։
Արծվիկ Մինասյանը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, նաև ՄԻԵԴ կդիմեն։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դատավորի պահվածքը կանխատեսելի է համարել։
«Ակնհայտ է դատավորի կախվածությունը քաղաքական վիճակից, ինչպես նաև նրա` հանցագործությունները քողարկելու մտադրությունը։ Հավանականությունը շատ մեծ էր, որ նման որոշում կկայացվեր, չնայած որևէ հակափաստարկ չի բերվել մեր ապացույցներին։ Այն, ինչ արեց Կարեն Բիշարյանը, «կրեդիտ» էր, որպեսզի Վճռաբեկում դատավոր ընտրվի, քանի որ նրա թեկնածությունն առաջադրված է»,–ասել է Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ Հակոբ Մարտիրոսյանը և Արծվիկ Մինասյանը դեռևս 2021թվականի հունիսին էին հանցագործության մասին հաղորդման ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։ Ներկայացված հանցագործության մասին հաղորդումն առանձին քննության առարկա չի դարձվել։ Մասնավորապես, դատախազությունը հաղորդումը «մասնատել» է և մի մասով ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի, իսկ մի մասով՝ ՀՔԾ-ում քննվող, Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն, դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։