28/06/2022 20:50
Ճապոնիան համաշխարհային տնտեսակարգում պատմական շրջադարձ է կանխատեսում
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը զեկույց է հրապարակել, որում նշված է, որ ուկրաինական հակամարտության պատճառով համաշխարհային տնտեսական կարգում պատմական շրջադարձ է սպասվում։
Փաստաթղթում նշված է, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո «Մեծ յոթնյակի» և այլ զարգացած երկրների նախաձեռնած աննախադեպ տնտեսական պատժամիջոցներն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, մեծ մտահոգություններ են առաջացրել աշխարհում տնտեսական մասնատվածության խորացման առնչությամբ։
«Դա կարող է արագացնել գնալով ավելի բազմաբևեռ դարձող համաշխարհային տնտեսությունում կառուցվածքային փոփոխությունները՝ այդ թվում՝ տնտեսական անվտանգության վրա կենտրոնանալու պատճառով, և կարող է նաև պատմական շրջադարձ լինել համաշխարհային տնտեսական կարգում»,- նշված է զեկույցում։
Ըստ փաստաթղթի՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեծապես ազդում է պարենի, էներգակիրների ու այլ ապրանքների միջազգային շուկաների վրա։ Զեկույցում համաշխարհային տնտեսության վրա ազդող բացասական գործոններից են համարվում նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև վերջին տարիների առևտրային վեճերը, կորոնավիրուսի համավարակը․ այս ամենի հետևանքով մի շարք երկրներ բարձրացրել են իրենց տնտեսական անվտանգության նշաձողը։