28/06/2022 11:07
Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը. կոնգրեսականները մտահոգված են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրմամբ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մենենդեսը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Բայդենի որոշման առնչությամբ:
«Մինչ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված հարձակումից հետո, որի ընթացքում 2020 թվականին ավելի քան 6500 մարդ զոհվեց, 100 հազարից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին, անտրամաբանական է ասել, թե ԱՄՆ աջակցությունն ու վերապատրաստումները չեն ազդել Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Ես շարունակելու եմ խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն և ակնկալում եմ, որ պետդեպարտամենտը կգործի լիակատար թափանցիկությամբ և Կոնգրեսին կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն գնահատելու համար», - նշել է Մենենդեսը:
Ադամ Շիֆը, մեկնաբանություն տալով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին, խոստացել է աշխատանքներ տանել Կոնգրեսում՝ «վերացնելու նախագահի՝ 907-րդ լրացումը շրջանցելու լիազորությունը»:
«Ադրբեջանը պատասխանատու է սարսափելի պատերազմ սանձազերծելու ու Հայաստանում և Արցախում մարդասիրական աղետ առաջացնելու հարցում՝ 2020 թվականի սեպտեմբերից 44 օրվա ընթացքում սպանելով հազարավոր հայերի և ավելի մեծ թվով հայերի ստիպելով լքել իրենց պատմական հայրենիքը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար ձերբակալված պահել հայ զինվորների, ովքեր ենթարկվում են խոշտանգումների, ինչպես նաև՝ սպառնալ Լեռնային Ղարաբաղի հազարավոր անմեղ քաղաքացիներին, ովքեր ապրում են նոր հարձակման և ներխուժման ենթարկվելու վտանգի մեջ: Ոչ մի պարագայում ԱՄՆ-ն չպետք է ռազմական աջակցություն տրամադրի նման վարչակարգին, դա ոչ միայն դեմ է մեր ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին, այլև կարող է քաջալերել Ալիևի ռեժիմին՝ շարունակել սադրիչ գործողություններն ընդդեմ հայերի: Նախագահ Բայդենը չպետք է շրջանցեր 907-րդ լրացումը», - նշել է Շիֆը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2022 թվականին կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:
Ուշագրավ է, որ Բայդենը դեռևս նախագահի թեկնածու լինելու ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է հավատարիմ մնա «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացմանը՝ «դադարեցնելով ռազմական տեխնիկայի հոսքն Ադրբեջան»: Սակայն արդեն որպես նախագահ՝ 2021 թվականին հետ էր կանգնել իր նախկին հայտարարությունից և բյուջետային տարում ներառել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնության տրամադրումը:
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:
2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ լրացման մեջ կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: