29/06/2022 14:36
Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը
BarevBalik.am առցանց հարթակն ու նույնանուն բջջային հավելվածն ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիներին ծնողների աջակցմանը:
Այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։
Նպատակն է՝ թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։
«Շատ կարևոր է, որ վերջապես հնարավորություն ունենք նախկին հատվածային լուծումների փոխարեն մեկ հարթակում տրամադրել ներկա ու ապագա ծնողներին անհրաժեշտ ճշգրիտ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված տեղեկատվությունը։ Սա ձեռքբերում է, թե՛ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի արդիականացման գործընթացի խթանման և թե՛ երկրի առջև դրված ռազմավարական նշանակության թիրախներին հասնելու տեսանկյունից», - պաշտոնական գործարկման միջոցառմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։