29/06/2022 20:30
Ցավազրկողները չարաշահել չի կարելի. դա կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային համակարգի վրա
Ցավը մարդու օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, կարելի է տարբերակել ըստ բնույթի, տեղակայման, տևողության։
Բուժումն արդյունավետ, թիրախային դարձնելու համար, կարևոր է հասկանալ ցավի էթիոլոգիան։
Ցավին դիմակայել պետք չէ, եթե անսովոր ցավ է, ուժգին է, նոպայաձև է, պետք է դիմել բժշկի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած ցավի սանդղակի համաձայն՝ առաջին աստիճանին քիչ տանջող ցավերն են, որ հաղթահարվում են ոչ ուժեղ ցավազրկողների միջոցով (ոչ ստերոդային հակաբորբոքային միջոցներ):
Սանդղակի հաջորդ աստիճանը ավելի սաստիկ, երկարատև, նախորդ ցավի ցավազրկողներից չհաղթահարվող ցավն է (հակացնցումային, հակաէպիլեպսիկ, փսիխոտիկ միջոցներ)։
Երրորդ սանդղակին սաստիկ ցավերն են, որ վերոնշյալ միջոցներվ չեն անցնում, այս դեպքում օգտագործվում են կենտրոնական ազդեցություն ունեցող միջոցներ։
Պետք չէ միանգամից ուժեղ ցավազրկողներ օգտագործել, յուրաքանչյուր ցավազրկող դեղամիջոց ունի իր ազդեցության ժամանակահատվածը։ Դեղամիջոցի ընդունման ինտերվալները պետք է որոշել ըստ տվյալ դեղամիջոցի ազդեցության ժամանակահատվածի, եթե օրինակ 24 ժամ է, ապա տվյալ դեղամիջոցն օրվա ընթացքում կարելի է օգտագործել մեկ անգամ։
Ցավազրկողները չարաշահել չի կարելի, կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային համակարգին, հնարավոր են երիկամային անբավարարություն։ Չպետք է մոռանալ, որ ցանկացած դեղամիջոց ունի անհատական տանելիություն։
Հաճախ նաև հոգեհուզական լարված իրավիճակներում ցավի շեմն իջնում է. ոչ ուժեղ ցավն անգամ կարող է զգալի անհանգստացնել, նման դեպքերում բժշկի ցուցմամբ ցավազրկողի հետ մեկտեղ կարելի է օգտագործել հանգստացնող միջոցներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։