29/06/2022 15:39
ՔՊ-ն ներկայացնում է նաև ընդդիմության ընտրողներին. Հայկ Կոնջորյան (Տեսանյութ)
Ազգային ժողովն ավարտեց ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե դատաիրավական համակարգի քննարկումները ողջամիտ ընդդիմության համար լավագույն շանսն են խորհրդարանում ինքնադրսևորվելու, սեփական քննադատություններն ու դիտարկումները ներկայացնելու համար, բայց, ցավոք, ԱԺ ընդդիմությունը չկա դահլիճում, դատարկ աթոռներ են։
«Ինչևէ, այսօր ՔՊ-ն ներկայացնում է ոչ միայն մեր ընտրողներին, ներկայացնում ենք նաև ընդդիմության ընտրողներին ու ՀՀ բոլոր քաղաքացիներին», - ասաց Կոնջորյանը։
Նա նշեց, թե իրենց համար սկզբունքային է դատաիրավական համակարգի օբյեկտիվությունը, անաչառությունն ու անկախությունը։
Կոնջորյանը վերահաստատեց ՔՊ-ի «ամուր հանձնառությունը»՝ նպատակուղղված իրագործելու իրենց կողմից ընդունված օրենքների վերահսկողությունը, Հայաստանում արդարության հաստատումն ու Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի պատշաճ կիրարկումը։
«Ես ունեմ հավատամք, որ Աննա Վարդապետյանը, ընտրվելով ՀՀ գլխավոր դատախազ, հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը», - նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը։
Այսպիսով՝ ՔՊ-ն ավարտեց ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։ Ժամը 16։00-ից մինչև 17։00-ն կընթանա ընտրությունը։
Գլխավոր դատախազին կընտրեն միայն իշխանական պատգամավորները. ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը։