29/06/2022 11:56
Հասկանում եմ՝ շատ դժվար է մերժել, բայց խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են. Աննա Վարդապետյան (Տեսանյութ)
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։
Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Ելույթի ժամանակ Աննա Վարդապետյանը հայտարարեց, թե ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է։
«Թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է գտնվել ու հետագայում էլ գտնվելու է, անկախ իմ զբաղեցրած դիրքից, ուշացած արդարադատությունն է։ Մենք անընդհատ խոսում ենք գործերի քննության ձգձգումներից. այո՛, դատարաններում գործերը՝ միջին ծանրության հանցագործությունները, կարող են տևել հինգ տարի՝ մի օր դատախազը չի գալիս, մի օր փաստաբանն է հիվանդ, մի օր դատավորն է վերապատրաստման, ու այսպես անընդհատ գործերը ձգձգվում են», - ասաց նա։
Վարդապետյանի խոսքով՝ գրեթե նույն խնդիրն է մինչդատավարական վարույթում. կան նշանակված փորձաքննություններ ու տևում է երեք տարի։
Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ միայն արդյունավետ դատախազական հսկողությունը թույլ կտա լուծել այս խնդիրները, գոնե, մինչդատավարական վարույթում, իսկ արդյունավետ դատախազական հսկողությանը կարելի է հասնել հետևողական դատախազով։
«Եթե դատախազը հետևողական է գործի քննության նկատմամբ, քաղաքացին չի գալու կառավարության դռների դիմաց, Ազգային ժողովի դիմաց ու պահանջի իր գործի քննությունը», - ասաց նա։
Վարդապետյանն ընդգծեց՝ իր համար խնդիր է, երբ քննիչն ու դատախազն իրար հետ չեն խոսում։
Ըստ նրա՝ սա բերում է երկար փաստաթղթաբանության՝ արդյունքում խոցելի վիճակի մեջ դնելով տուժողին. տուժողը ստիպված է լինելու երկու գերատեսչությունների թղթաբանության մեջ անընդհատ փնտրել իր հարցերի պատասխանը, գտնել փաստաբան, վճարել փաստաբանին ու հայտնվել տեղապտույտի մեջ, մինչև կհոգնի, իսկ վատագույն դեպքում կհասնի ՄԻԵԴ։
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր է համագործակցված աշխատանքը», - նշեց Գլխավոր դատախազի թեկնածուն։
Վարդապետյանը կարևորում է, որ Հայաստանում բացառվի հովանավորչությունը։
«Ես հասկանում եմ՝ շատ դժվար է մերժել, շատ դժվար է մերժել փոքր հասարակության մեջ, որտեղ քեզ բոլորը ճանաչում են, դու ճանաչում ես բոլորին, շատ դժվար է դեմ գնալ այն կարծրատիպային մոտեցումներին, որ կան։ Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով, կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ ու, եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, դա լուրջ մարտահրավեր է օրենքի գերակայությանը, ինչն էլ իր հերթին քայքայելու է ժողովրդավարության հիմքերը։ Խոսել ժողովրդավարության մասին առանց օրենքի գերակայության ու խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ինձ թվում է ՝ ֆանտաստիկ դատողություններ են», - հայտարարեց Աննա Վարդապետյանը։