29/06/2022 17:31
Իրենք` իրենց քվեն, իրենց գլխավոր դատախազը. Գեղամ Մանուկյան
Քաղաքական մեծամասնությունը ցանկացած հարցում որևէ կարծիք հաշվի չի առնում և մենակ է որոշումներ ընդունում։ Հիմա պատկերացրեք՝ գլխավոր դատախազի թեկնածուի հարցում ընդդիմությունն այլ առաջարկ աներ, այդ առաջարկն ինչպե՞ս էր ընդունվելու, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ն առանց ընդդիմության խորհրդարանում քննարկում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը։
«Իրենք՝ իրենց քվեն, իրենց գլխավոր դատախազը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախկին օգնականը... որն արդեն հայտնի է տարբեր տեսակի քրեական գործերին միջամտելով և անօրինական կերպով ուղղորդելով։ Ամեն ինչ դրանով ասված է»,- նշեց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ նման թեկնածուի ընտրությանն ուղղակի չէին կարող մասնակցել։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ իրենք ի սկզբանե հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուի ընտրությանը և խոհրդարանում կլինեն բացառապես իրենց օրակարգով։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։
Այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Հարցի քննարկմանը մասնակցում է միայն ՔՊ-ն։ Ընդդիմությունը շարունակում է բոյկոտել ԱԺ նիստերը։