29/06/2022 20:11
Դիտարկվում է Հյուսիսային Օսիայում մաքսային անցակետ կառուցելու հարցը
Հյուսիսային Կովկասի կառավարման միասնական ինստիտուտը՝ «Кавказ.РФ» բաժնետիրական ընկերությունը, հայտարարել է, որ կդիտարկի Հյուսիսային Օսիայի Հանրապետությունում մաքսային-լոգիստիկ համալիրի կառուցման ներդրումային նախագծի իրականացման հնարավորությունը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ընկերությունը հայտարարել է «Кавказ.РФ» -ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ցեմախովիչի կողմից «Վերին Լարսի» անցակետ կատարած այցից հետո։
Այժմ նշված ընկերությունը դիտարկում է ինչպես բուն տերմինալի կառուցմանը, այնպես էլ հանրապետության տարածքում այնպիսի նախագծերին մասնակցելու հնարավորությունը, որոնց զարգացումը հնարավոր կլինի Վերին Լարսի անցակետի գործարկումից հետո։
Ըստ ներկայացված տեղեկատվության, նոր տերմինալը Ռուսաստանի հարավային սահմաններում ռազմավարական դիրքում կգտնվի՝ Ռուսաստանի եվրոպական մասի և Անդկովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների միջև ցամաքային տրանսպորտային կապերի կենտրոնում։
Նշենք, որ վրաց-ռուսական սահմանին գործող անցակետը «Կազբեգի-Վերին Լարս»-ն է․ վրացական ռազմական նշանակության ճանապարհը Վլադիկավկազից Կովկասյան լեռնաշղթայով ձգվում է մինչև Թբիլիսի՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս պետությունների հետ։ Ռուսական կողմի հատվածում ճանապարհն անցնում է Հյուսիսային Օսիայով։ Ձմեռն սկսվելուն պես՝ ճանապարհին հերթեր են գոյանում, եղանակային պայմանների պատճառով սահմանը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ փակվում է։ Տրանսպորտային հոսքի մեծացմամբ պայմանավորված՝ Հյուսիսային Օսիայի իշխանությունները մի քանի տարի առաջ հանդես են եկել անցակետը վերակառուցելու առաջարկով։