29/06/2022 16:22
Արցախի ԱԺ-ում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների
Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների, հայտնում են Արցախի ԱԺ-ից։
Հունիսի 22-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի, ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից: Այդ կապակցությամբ են փորձագետները Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով Արցախում:
Արթուր Թովմասյանը կարևորել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։
«Իհարկե, մենք տեղյակ ենք Կոսովոյի հետ կապված ՄԱԿ-ի դիրքորոշմանը, դատարանը համապատասխան վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական և իրավական եզրույթներ, որոնցից ամենակարևորն այն է, որ երբ որևէ տարածք, իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում:
Վերջերս նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վկայակոչեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշումը Կոսովոյի մասով և հայտարարեց, որ Ռուսաստանը նույնպես իրավասու է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները:
Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը՝ հետաքրքրություն առաջացավ հրավիրել ձեզ Ստեփանակերտ և քննարկումներ կազմակերպել այդ թեմայով», - ասել է Արթուր Թովմասյանը՝ կարևորելով հրավիրվածների փորձագիտական կարծիքը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի համար ու համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպմանը, որին ներկա էին խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները, քննարկվել են արտաքին քաղաքական մարտահրավերների հետ կապված հարցեր:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները ողջունել են համահայկական հարթակ ձևավորելու գաղափարը ու առաջարկել են վերանայել գործող օրակարգերը` աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ: