29/06/2022 12:08
Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19,8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում
Կորոնավիրուսի դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19,8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում, այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Մարդկության ունեցած առաջընթացը մեծապես պայմանավորված է տարբեր բնագավառներում գիտնականների, գյուտարարների և նորարարների կողմից ստեղծված գիտելիքի և վերջինի արդյունավետ կիրառման հետ:
Բացառություն չէ նաև առողջապահության բնագավառը, որի առավել մեծ ձեռքբերումներից է պատվաստումների լայն կիրառումը մարդկության կողմից, որը օգնել է հաղթահարել կամ կառավարելի դարձնել մի շարք վտանգավոր հիվանդություններ՝ կանխարգելելով բազմաթիվ մահվան դեպքեր:
Վերջերս, հեղինակավոր գիտական հանդեսներից մեկը հրապարակել է Լոնդոնի կայսերական քոլեջի մի խումբ հետազոտողների աշխատանքը, համաձայն որի մեկ տարվա ընթացքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2021 թվականի նույն ժամանակահատվածը, Կովիդ-19 դեմ պատվաստումներն օգնել են կանխարգելել 19.8 միլիոն մարդու մահ աշխարհի 185 երկրներում», - Facebook-յան իր էջում գրել է Մուրադյանը։
Ըստ նրա՝ համաձայն գիտնականների՝ Հայաստանում հնարավոր է եղել կանխել 12-ից 24 մահվան դեպք 10.000 բնակչի հաշվով, որը, սակայն, Եվրոպական տարածաշրջանի 53 երկրների նվազագույն ցուցանիշներից մեկն է:
«Գնահատվել է նաև, որ ցածր եկամուտներ ունեցող երկրներում հնարավոր կլիներ լրացուցիչ կանխարգելել մահերի 111%-ը, եթե պետությունները հասնեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված մինչև 2021 թվականի տարեվերջ 40% պատվաստումային ծածկույթ ապահովելու թիրախը:
Հայաստանում Կովիդ-19 դեմ պատվաստումների մեկնարից ի վեր, Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետներն ակտիվ ներգրավվել են ամբողջ բնակչության և առանձին կոլեկտիվների շրջանում պատվաստումների մասին հավաստի, ճշգրիտ և փաստահեն տեղեկատվության տարածման աշխատանքներին, որի արդյունքում միայն մեզ մոտ պատվաստված աշխատակիցների տեսակարար կշիռը հասել է գրեթե 100%-ի, իսկ մեր պոլիկլինիկաների կողմից պատվաստվել է շուրջ 26.000 անձ, որը կազմում է պոլիկլինիկաներում հավաքագրված բնակչության գրեթե 70%-ը:
Ժամանակակից աշխարհում առավել պահանջված և գործածվող զենքը գիտելիքն է: Մեր՝ առողջապահության ոլորտում այն օգնում է պահպանել մարդու ամենակարևոր արժեքներից մեկը՝ կյանքն ու առողջությունը: Վստահելով գիտությանը՝ մենք նպաստում ենք ոչ միայն անձնական ապահովությանը, այլ մեր ներդրումն ենք ունենում ազգային անվտանգության պահովմանը», - նշել է Մուրադյանը։