30/06/2022 12:34
«Արթո՛ւր, դավաճան, Արթո՛ւր, իջի ցած». Զոհված զինծառայողների ծնողները գլխավոր դատախազության դիմաց են (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
«Արթո՛ւր, դավաճան, Արթո՛ւր, իջի ցած», - դատախազության շենքի դիմաց բղավում են ծնողները։
Նրանք հայտարարում են, որ հանդիպում են պահանջում Դավթյանի հետ, քանի որ մի շարք հարցեր ունեն, որոնց պատասխաններն ուզում են դատախազից լսել։
«Չենք լռել ու չենք լռելու։ Էս ծանր վիճակում նույնիսկ պայքարելու ենք, որովհետև այսօր տեսնում ենք, որ հայրենիքը նվեր են տալիս։ Այսօր հավաքվել ենք ասելու, որ ուզում ենք մեր գործը տեղափոխվի ԱԱԾ, որովհետև, ոնց հասկանում ենք՝ ոչինչ չեն անում», - ասաց կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։
Նա նշեց, թե Քննչական կոմիտեին չեն վստահում.
«Իմ տղան ինձ sms-ով գրել էր, որ այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ՝ հետը։ Ես ունեմ այդ փաստը, կարող եմ ցույց տալ, բայց ուրեմն պետք է ինչ-որ փաստ բերե՞նք, որ դուք հավատաք՝ այս հողերը ծախել են»։