30/06/2022 16:23
Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է։
Հարցը քննարկելու կապակցությամբ ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանի, Դավիթ Խաչատուրյանի, Մեսրոպ Մակյանի, Անի Մխիթարյանի և Սերգեյ Չիչոյանի անդամակցությամբ ձևավորված հանձնախումբն այսօր որոշել է մերժել կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:
Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։
Հանձնաժողովը արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը, քանի որ Ռուբեն Վարդազարյանը 2021թ. փետրվարի 20-ին կատարված ձայնագրությունը հրապարակել է միայն 2022թ. հունիսի 20-ին՝ ենթադրյալ խախտումը կատարելուց մեկ տարի 4 ամիս անց։
Որոշումն ամբողջությամբ՝ հղումով։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ հանդիպմանը բացառիկ ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։
Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել, իսկ հրաժարական տալու դիմաց Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, և նա մնալու է ԲԴԽ-ում՝ որպես խորհրդի անդամ:
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հայտարարություններ էլ է անում։ Նա ասում է, թե չի ցանկանում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետ գա։
Հանրային հեռուստաընկերության եթերում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե զրույցի սկզբի 15-20 րոպեից հետո ինքն արդեն գլխի էր ընկել, որ Վարդազարյանն իրեն ձայնագրում է։
Ջհանգիրյանը նշել է նաև՝ եթե ամբողջական ձայնագրությունը Ռուբեն Վարդազարյանը ներկայացնի, ապա դա նրա համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ։
Նա նշել է, որ հանդիպումը տևել է 2 ժամից ավելի. «Ես վստահ եմ՝ առաջին իսկ վայրկյանից այդ ձայնագրությունը կա, ուղղակի այդ 14 րոպեն ծաղկաքաղ է արված»:
Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ։