30/06/2022 18:10
Պարկինսոնի հիվանդություն. Առաջացման պատճառներն ու բուժումը
Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ: Այս հիվանդությամբ տառապում են հիմնականում տարեց տղամարդիկ: Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է և սովորաբար առաջանում է գլխուղեղի ենթակեղևային հանգույցների ախտահարումից` վերջիններիս բջիջների դանդաղ քայքայման հետևանքով:
Պարկինսոնյան հիվանդության առաջացման պատճառներն են` գլխուղեղի բորբոքումը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, շմոլ գազով կամ մանգանով թունավորումը, ռեզերպինի և այլ դեղանյութերի երկարատև (առանց հսկողության) օգտագործումը:
Հիվանդության պատճառը երբեմն հնարավոր չի լինում պարզել: Պարկինսոնյան հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի միջնորդանյութերի հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման:
Հիվանդության ընթացքում շարժումները դանդաղում են, մկանները լարված են, դեմքը դառնում է դիմականման, քայլվածքը` մանրաքայլ: Նկատվում է թքահոսություն, ընդհանուր կաշկանդվածություն: Հիվանդը դժվարությամբ է հագնվում, կոճակները կոճկում: Բնորոշ է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դողը, որը սովորաբար սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է։
Պարկինսոնի հիվանդությունը բավականին հաճախ բերում է թուլամտության, հիվանդների շրջանում հայտնաբերվում է նեյրոցիտների կորուստ, դոֆամինի քանակի նվազում։ Սա է պատճառը, որ թուլամտությունը բնութագրվում է կոգնիտիվ պրոցեսների ոչ թե «անբավարարությամբ», այլ արգելակումով, ինտելեկտուալ խնդիրներ լուծելու դժվարությամբ, առանց օջախային ախտահարումների։ Թուլամտությունը զարգանում է հիվանդության ուշ շրջանում։ Որևէ բնորոշ և յուրահատուկ ախտանիշ չկա։
Բժշկի խորհրդով տնային պայմաններում հիվանդներին կարելի է սովորեցնել մկանների լարվածությունը վերացնող տարբեր վարժություններ, որոնք ավելի լավ է սկսել տաք ջրում: Դեղամիջոցները պետք է ընդունել միայն բժշկի խորհրդով և նրա հսկողությամբ:
Նախընտրելի է բուսական սնունդը. պետք է սահմանափակել միսը, ձվի դեղնուցը, խուսափել տապակած կերակրատեսակներից:
Պարկինսոնյան հիվանդության դրսևորումները բավականին երկար ժամանակ չեն խանգարում մասնագիտական գործունեությանը, մտավոր աշխատանքով զբաղվողներին: Շատ կարևոր է այս շրջանում զբաղվել ընթերցանությամբ, պահպանել շրջապատի նկատմամբ հետաքրքրությունն ու շփվել մարդկանց հետ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։