30/06/2022 18:40
Ստոմատիտ. Պատճառները, կանխարգելումն ու բուժումը
Ստոմատիտը (բերանաբորբ) բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում է: Այն կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ լինել այլ հիվանդությունների ախտանշան, օրինակ` կարմրուկի, գրիպի:
Հայտնի են ստոմատիտի հետևյալ ձևերը՝
Դեղորայքային ստոմատիտ,
Կանդիդոզային ստոմատիտ,
Վնասվածքային ստոմատիտ,
Լնդաբորբ (գլոսիտ),
Լեզվաբորբ (գինգիվիտ):
Ստոմատիտի առաջացմանը նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները: Ծխելը, սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սսնդի ընդունումը նույնպես կարող են նպաստել ստոմատիտի առաջացմանը: Այն երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության դեպքում, սեռական հասունացման շրջանում, ինչպես նաև իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ:
Դեղորայքային ստոմատիտն առաջանում է որոշ դեղանյութերի (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ) ընդունումից: Կանդիդոզային ստոմատիտը կարող է առաջանալ հակաբիոտիկների ոչ ճիշտ օգտագործման դեպքում, ինչպես նաև ծանր հիվանդ տարեցների և կրծքի երեխաների մոտ:
Վնասվածքային ստոմատիտն առաջանում է լորձաթաղանթը կտրղ կամ ծակող առարկաներով, ոչ սարքին պրոթեզներով վնասվելիս: Լնդաբորբը կարող է առաջանալ ատամի քարի գոյացման, անհաջող դրված ատամի լիցքի, պրոթեզի ճնշման հետևանքով, կամ կոպիտ խոզանակով ատամները մաքրելիս։
Ստոմատիտը կարող է ընթանալ սուր ձևով, ուղեկցվել խիստ ցավերով. բնորոշ է բերանի խոռոչի վառ կարմրությունը, հաճախ այտուցվածությունը, առատ թքարտադրությունը և ցավը (հատկապես սնունդ ընդունելիս):
Բուժման ընթացքում անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն` հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները: Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստամատոլոգին և կատարել նրա ցուցումները: Ինքնաբուժումը կարող է բարդություններ առաջացնել: Չպետք է օգտագործել հակաբիոտիկներ կամ այրող միջոցներ: Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք կերակրատեսակներ, ալկոհոլային խմիչք: Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, չգրգռող: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավը մեղմելու համար բժշկի խորհրդով բերանը կարելի է ողողել կալիումի պերմանգանատի վարդագույն լուծույթներով, երիցուկի կամ եղեսպակի գոլ եփուկով:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների կանխարգելման համար մեծ նշանակություն ունի ատամների ճիշտ խնամքը, ատամի քարը հեռացնելը, պետք է փոխել անհաջող ատամների պրոթեզները, ժամանակին բուժել ատամների ոսկրափուտը, ինչպես նաև հեռացնել քայքայված ատամները: Խնամքը հատկապես կարևոր է շաքարախտով, սրտանոթային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև դեռահասների, երեխաների և հղի կանանց դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։