30/06/2022 13:05
Ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը. մարդն ասաց, որ չի գալու խորհրդարան ու դրեց մանդատը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջունում է «Պատիվ ունեմ» խմբակցության արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը։
«Ես, օրինակ, ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց, որ չի գալու խորհրդարան ու դրեց մանդատը», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։
Նա ասաց, թե շարունակվում են քննարկումները ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ։
«Իրենք դուրս են եկել փողոց, ասել են՝ «իշխանությունն այստեղ է», հիմա գալու են, խելոք այստեղ նստեն ու քվեարկեն, կամ չեն գալու նստեն, դա արդեն օրենքը կորոշի ու քաղաքական որոշում կլինի։ Կա՛մ գալու են, խելոք նստեն, կա՛մ չեն գալու ու զրկվելու են մանդատներից այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ», - նշեց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Իշխան Սաղաթելյանը ոչ թե պետք է հարցազրույցներ տա ու ասի՝ «գնալու ենք մեր օրակարգով», այլ ասի՝ ընդունել է իր պարտությունը։
«Պետք է ասի՝ քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա դնում եմ իմ մանդատը։ Դե թող անեն, թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ, սա անձեռնմխելիության խնդիր է, աշխատավարձ ստանալու խնդիր է», - ասաց նա։