30/06/2022 17:07
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ Արթուր Ղազինյան
Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Բացատրեմ, թե ինչու:
Ներկա տարածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ Արցախի ժողովրդի, իրականում՝ առայժմ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական վարքագիծը թելադրում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը:
Եթե Արայիկ Հարությունյանը սպասարկում է «խաղաղության դարաշրջանի» փաշինյանանական օրակարգը և կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում մնալուն, ապա Հայաստանի իշխանությունը ստանում է այդ ուղղությամբ գործելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմություն:
Իսկ եթե Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդի ճնշման տակ, կամ հրաժարական ներկայացնի, կամ փոխի իր վերաբերմունքը նիկոլական «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ և վերադառնա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրք, ապա Հայաստանում իրավիճակը կտրուկ կփոխվի:
Նիկոլ Փաշինյանը կկորցնի և՛ ներքին, և՛ արտաքին լեգիտիմությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում կկորցնի իշխանությունը, իսկ իշխանության կգան այն ուժերը, որոնք զորավիգ կլինեն Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:
Մեծ հաշվով սա է իրողությունը և, որքան էլ որ այն տհաճ լինի մեզ համար, մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը մշտապես ունեցել է և շարունկում է ունենալ վճռորոշ նշանակություն Հայաստանում իշխանափոխության, ինչպես նաև իշխանության և ընդդիմության քաղաքական վարքաբանության համար:
Կարճ ասած, եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր»,- գրել է պատգամավորը: