30/06/2022 09:34
«Հրապարակ». Փաշինյանի անմիջական հրահանգով ցուցարարների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների և երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։
Կյաժին նշանակել են ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի 3 վաշտերից մեկի հրամանատար, որտեղ մինչ այդ մեկ այլ բարբարոս բերետավոր էր՝ Միքայել Այվազյանը։ Նա աչքի էր ընկել ոչ միայն ցուցարարների նկատմամբ բռնություններով, այլև Մարտական խաչի ասպետ Սերգեյ Հայրապետովի նկատմամբ տգեղ պահվածքով։ Ասել էր, որ թքած ունի նրա կոչման վրա, ապա հայհոյանքներ էր հնչեցրել՝ ասելով, թե ինքն էլ գնդապետ շինող է։ Այվազյանին էլ նշանակել են վերոնշյալ գումարտակի հրամանատարի՝ Հայկազ Ջոմարդյանի տեղակալ։ Օրեր առաջ էլ Այվազյանի ծննդյան օրն էր, նա մեծ փարթի էր կազմակերպել՝ նշելով ե՛ւ պաշտոնի բարձրացումը, ե՛ւ տարեդարձը»։