30/06/2022 12:44
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առանձնապես մեծ առաջընթաց չկա, Թուրքիան քաղաքական կամք չի ցուցաբերում. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, թե սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։
Պատգամավորի խոսքով՝ մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։
«Նման գործընթացներում ամենակարևոր գործընթացը քաղաքական կամքն է, եթե այն կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» - ասաց Ռուբինյանը։
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ նա ընդգծեց, թե դրանք ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։
«Թերևս նույնիսկ հակառակը՝ խանգարում են»։