30/06/2022 19:30
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Կոստա-Գավրասը
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պառատոնի պատվավոր հյուրն է Կաննի և Բեռլինի փառատոնների գլխավոր մրցանակակիր, օսկարակիր ռեժիսոր և սցենարիստ, համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը, տեղեկացնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից։
Կոստա-Գավրասի օսկարակիր «Z»-ը Օսկարի պատմության առաջին ֆիլմն է, որն առաջադրվել է թե՛ «Lավագույն ֆիլմ», և թե՛ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում:
1982 թվականին «Անհետ կորած» ֆիլմի համար Կոստա-Գավրասն արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» և «Օսկար» մրցանակի՝ լավագույն էկրանավորման սցենարի համար, իսկ «Երաժշտական արկղիկ» (1989թ.) Բեռլինի 40-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակին:
Նա եղել է ֆրանսիական կինոյի նահապետ Ռենե Կլերի օգնականը և իր հերթին ազդեցություն է ունեցել այնպիսի ռեժիսորների վրա, ինչպիսիք են Օլիվեր Սթոունը և Սթիվեն Սոդերբերգը։
«Ոսկե ծիրան» -ից օրեր անց Լոկառնոյի կինոփառատոնը Կոստա-Գավրասին կշնորհի պատվավոր մրցանակ՝ կինոարվեստում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Ֆրանսիական Սինեմատեքի նախագահ Կոստա-Գավրասը մի քանի ամիս անց կդառնա 90 տարեկան։
Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։