30/06/2022 19:03
Համադրելով ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի մտքերը՝ կարելի է ենթադրել, որ Բերձորի ճակատագիրը կանխորոշված է. Մետաքսե Հակոբյան
Համադրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնած մտքերը՝ կարելի է ենթադրել, որ Բերձորի ճակատագիրը կանխորոշված է՝ ընդ որում, ՀՀ իշխանությունների ձեռամբ, որովհետև ստորագրողը ՀՀ վարչապետն է, և իր ձեռամբ դա արվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ Բերձորը պետք է շրջանցել, քանի որ այնտեղ հետագայում արցախահայերի ապրելու հնարավորությունը շատ քիչ է։
«Մեզ մոտ հարցեր են առաջանում. եթե Ադրբեջանը կարողանում է բացահայտ արհարմարհել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթի որևէ կետ, ինչո՞ւ հայկական կողմը չի կարողանում չեղարկել այդ հայտարարության 6-րդ կետը կամ որպես հաղթաթուղթ օգտագործել։
Ուղղակի ակնհայտ է դառնում, որ հայկական կողմը, որպես բանակցող, չկա, և այն բոլոր խաղերը, որոնք վերաբերում են իբրև բանակցային գործընթացին, ըստ էության, ցույց են տալիս, որ պարտված կողմը գնում, հանձնարարականներ է ստանում և գալով՝ լծվում դրանց ի կատար ածմանը»,- նշեց մեր զրուցակցը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, այսօր ավելի մեղմ է ներկայացրել Բերձորի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն հարցի էությունը դրանից չի փոխվում։
Արցախի ԱԺ պատգամավորը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչև հիմա հայտնի չէ՝ ում հետ է բանակցվում Աղավնոյի հարցը։
«Վերադառնալով Բերձորին՝ կարող եմ ասել, որ այդ բնակավայրի հանձնման մասին եռակողմ հայտարարության տեքստում որևէ հիշատակում չկա։ Սկսում ես ակամայից մտածել, որ բանավոր պայմանավորվածությունները շարունակվում են, որ արցախցիների ճակատագիրը շատ ծանր և անհասկանալի վիճակում է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։