30/06/2022 18:55
Առանց Արայիկ Հարությունյանի հայտարարության էլ Բերձորի հարցը վճռված է. Ռազմական փորձագետ
Առանց Արցախի Հանրապետության նախագահի հայտարարության էլ Բերձորի հարցը վճռված է։ Նա պարզապես իրողություններն է արձանագրում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությանը, որ Բերձորը պետք է շրջանցել, քանի որ այնտեղ հետագայում արցախահայերի ապրելու հնարավորությունը շատ քիչ է։
«Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասաց, որ Բերձորի բնակչության բնակարանային և այլ սոցիալական հարցերը Հայաստանի Հանրապետությունն է հոգալու։ Աղավնոյի մասին ասաց՝ Արցախի Հանրապետությունն է հոգալու, իսկ Սուսի մասին պարզվեց՝ ինքը նոր է իրազեկ, որ այդպիսի գյուղ կա։
Կարծում եմ՝ նա ընդամենն արձանագրում է այն, ինչը վաղուց վճռված և որոշված է»,- նշեց մեր զրուցակիցը։
Հայկ Նահապետյանը միաժամանակ հիշեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր հայտնած այն միտքը, որ Բերձորի և Աղավնոյի հարցում լուծումներ գտնելու համար դեռևս մեկուկես տարի ժամանակ ունենք։
«Բայց խնդիրը ժամանակի մեջ չէ, խնդիրը գործընթացի մեջ է. գործընթացն է անշրջելի։ Թե որքան ժամանակ հետո դա կլինի, այլ հարց է։ Ըստ էության, հերթական հայկական բնակավայրի հանձնման մեկնարկն արդեն տրված է»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Հիշեցնենք, որ այսօրվա իր ելույթում Բերձորի մասին խոսելիս Արցախի նախագահը նշել էր.
«Ես ինքս կողմ չեմ, մայիսի 18-ը եղել է իմ կյանքի հերթական ծանր օրերից մեկը, որովհետև Լաչինն ազատագրող ու Լաչինի միջանցքով առաջին խմբում, որն անցել է 1992 թվականի մայիսի 18-ին, ես էլ եմ եղել, բայց այսօր մեր երկրի ճակատագիրն ավելի կարևոր է, քան էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։ Խնդրեմ, եկեք հավաքվենք, որոշենք»։