30/06/2022 12:00
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծը։
Ըստ նախագծի՝ Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի կառուցմանը հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց պետք է սկսել ու ճանաչել հանրության գերակա շահ՝ հնարավորություն տալով, որ հետագայում, երբ շինարարներ կընտրեն ու շինարարական աշխատանքներ կսկսեն, գործընթացն ավարտված կլինեն։
Խոսքը Սիսիան համայնքի Սիսիան, Աղիտու, Գեղի, Գետաթաղ, Դարբաս, Լեռնաձոր, Լոր, Իշխանասար, Նորավան, Շենաթաղ, Որոտան, Վաղատին, Ույծ, Նոր Աստղաբերդ բնակավայրերում գտնվող՝ ընդհանուր 570 միավոր հողամասի մասին է:
«Ընդհանուր առմամբ, 570 միավոր հողակտորներ են, որոնք արդեն հստակեցված են, կան սահմանները, թե ինչ պետք է օտարենք», - նշեց նախարարը։
Գնել Սանոսյանի խոսքով՝ Սիսիանից Քաջարան հատվածը 60 կիլոմետր է, որը իր մեջ ընդգրկում է 4,7 կիլոմետր կամուրջներ, իսկ կամուրջները 27-ն են, 12,6 կմ թունելներ են, 9 թունել է, որոնցից միայն մեկի երկարությունը 8,6 կմ է։
Հուլիսի մեկին տեղի կունենա մրցութային գործընթացի բացումը. առաջին փուլով կգնահատեն հայտերը, կտեսնեն՝ քանի ընկերություն է դիմել, որից հետո կլինի մյուս գործընթացը։