30/06/2022 18:47
«Բանակցային գործընթացում գլխավոր սպառնալիքն է Հայաստանի անգործությամբ Ադրբեջանի օրակարգը սպասարկելը»․ Տեղի ունեցավ «Արցախի արդի մարտահրավերները. Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով քննարկումը
ՀՀ արտակարգ լիազոր դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը խնդրահարույց է համարում, որ Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհի վտանգված լինելը օրակարգ բերվեց հասարակական կազմակերպությունների, լրագրողական համայնքի շնորհիվ, և պաշտոնական պարզաբանումը ոչ թե սեփական նախաձեռնությամբ էր, այլ միայն արձագանք՝ օրակարգին:
Խնդրին Էդգար Ղազարյանն անդրադարձավ «Համախմբում» շարժման նախաձեռնած «Արցախի արդի մարտահրավերները. Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային քննարկմանը։
Ղազարյանն իրավիճակից ելք է համարում Հայաստանի գործող վարչապետի հեռացումը, քանի որ կատարվողը, նրա խոսքով, որևէ իրավական հիմք չունի, այլ հետևանք է բանավոր պայմանավորվածությունների:
«Լաչինի միջանցքը զիջելը նշանակում է զիջել ոչ միայն ՀՀ-Արցախ տրանսպորտային հաղորդակցումը, այլև տնտեսական ենթակառուցվածքները»,- ընգծեց Էդգար Ղազարյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության խնդրին, փաստեց, որ զինված ուժերի բարեփոխման հարցում Հայաստանն զգալիորեն զիջում է Ադրբեջանին:
«Պատերազմից հետո Ադրբեջանը անշեղորեն իրականացնում է զինված ուժերի՝ թուրքական մոդելով բարեփոխման ծրագիրը. 5 ադրբեջանական զորամաս արդեն ամբողջությամբ պատրաստություն են անցել Թուրքիայում, Ադրբեջանը լուծել է ռազմավարական բարձունքներում տեղակայվելու խնդիրը, առաջին գիծն ապահովել են համապատասխան ենթակառուցվածքներով, լուծվում են նաև սպառազինության մատակարարումների, համալրման հարցերը՝ օրակարգային են անօդաչու թռչող սարքերի, հեռահար բնույթի զինատեսակների համալրումը, հատուկ նշանակության ստորաբաժումների թվի կտրուկ մեծացումը»,- ընդգծեց նա:
Աբրահամյանը նշեց, որ ՀՀ-ում, ի տարբերություն Ադրբեջանի, զինված ուժերի առարկայական բարեփոխումներ չկան, փոխարենն իշխանությունն ակտիվորեն իրականացնում է ՊՆ, ԳՇ կառուցվածքային փոփոխություններ՝ երկու կառույցները կուսակցական վերահսկողության ներքո պահելու համար:
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ իրական բարեփոխումներ չկան, որովհետև չկա իրական մտադրություն:
«Եթե անգամ կա ցանկություն, չկա բավարար պրոֆեսիոնալիզմ, պոտենցիալ, գիտելիքներ՝ փոփոխությունների հասնելու համար», -ասաց պատգամավորը։
Համաժողովի բանախոսներից Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իրավիճակն Արցախում բնորոշեց որպես շարունակվող ճգնաժամային՝ հիմնականում պայմանավորված անվտանգային միջավայրով, Ադրբեջանի հարուցած խոչընդոտներով։
ՄԻՊ-ը հետպատերազմյան Արցախում առաջնային է համարում տեղահանված անձանց խնդիրները, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը․ «Արցախում ապրելու հավատամքը գերակա է, բայց Արցախի կարգավիճակի անորշությունը սպառնալիք է»:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը բանակցային գործընթացում գլխավոր սպառնալիք համարեց Հայաստանի անգործությամբ Ադրբեջանի օրակարգը սպասարկելը: