01/07/2022 18:40
Հիսթերիա. Հիվանդության առաջացման պատճառներն ու կանխարգելումը
Հիսթերան հոգեկան հիվանդություն է, որը պատկանում է նևրոզների խմբին: Բնորոշ է հոգեկան վնասվածքի ազդեցությունից թուլացած նյարդային համակարգ ունեցող անձանց և հանդիսանում է տվյալ անձի հակազդեցությունը այն իրադրության հանդեպ, որը նա ի վիճակի չէ հաղթահարել:
Հիվանդությունը պայմանավորված է նյարդային համակարգի թուլացմամբ: Առաջացման հիմնական պատճառները հուզումներն ու ծանր ապրումներն են:
Հիսթերիայի դրսևորման ձևերը բազմազան են` տարբեր նյարդային նոպաներ, որոշակի մկանախմբերի գերձգվածություն, զգացողության խանգարումներ և այլն: Այդ ախտանշանները կարող են խորանալ, և այդ ժամանակ դրանցից ազատվելը շատ դժվար է:
Երբեմն հիսթերիայի նոպաները դրսևորվում են թեթև ցնցումներով, բայց կարող են ընթանալ ուշագնացության, կրծքային և բրոնխային հեղձուկի, աղիքների կծկանքի և այլ վիճակների ուղեկցությամբ: Հիսթերիայի դեպքում հիվանդները մի կողմից ընդգծում են իրենց տառապանքների չափից ավելի արտահայտվածությունը, ցնցող դողը, հիվանդագին ախտանշանների արտասովոր բնույթը, հիվանդության բացառիկությունն ու անհասկանալիությունը, իսկ մյուս դեպքերում անտարբեր են հիվանդության տարբեր ազդակների հանդեպ և ցանկություն չունեն ընդունելու իրավիճակը։
Հիվանդության երկարատև ընթացքի ժամանակ, երբ համապատասխան բուժում չի կիրառվում, հիվանդները դառնում են դյուրագրգիռ, եսասեր, նրանց արարքներում դրսևորվում են ցուցամոլություն, ձգտում են ցանկացած գնով գրավել շրջապատի ուշադրությունը:
Տրամադրությունը փոփոխական է: Սովորաբար հիվանդները ղեկավարվում են ոչ թե տրամաբանությամբ, այլ հուզական ապրումներով: Այս բոլոր ախտանշանները վկայում են, որ հիվանդությունը դարձել է քրոնիկական: Հարկավոր է հիշել, որ այս դրսևորումները հիվանդի համար ծառայում են որպես յուրատեսակ պաշտպանական միջոց: Շրջապատողների կողմից հիվանդության ժխտումը, խորհուրդները կարող են հիվանդի վիճակը միայն վատացնել:
Հիսթերիայի առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել բժշկի: Եթե առկա է հիսթերիկ ռեակցիա, ապա, չժխտելով հիվանդության փաստը, հարկավոր է հիվանդին հանգստացնել, պառկեցնել անկողնում, ջուր տալ, թողնել մենակ որպեսզի հանգստանա և լույսը հնարավորինս թուլացնել: Խորհուրդ չի տրվում հիվանդի ներկայությամբ ցուցաբերել ավելորդ տագնապ, անհանգստություն, ինչպես նաև ցանկալի չէ հիվանդի ներկայությամբ քննարկել վիճակի ծանրությունը:
Հիսթերիայի կանխարգելումը նշանակում է նյարդային համակարգի վրա անբարենպաստ գործոնների ազդեցության բացառում: Օգտակար են կանոնավոր աշխատանքը, մարզվելը և մաքուր օդում զբոսնելը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։