01/07/2022 19:40
Օջախային մազաթափություն. պատճառները, բուժումը
Մազերն օրգանիզմն արտաքին ազդակներից պաշտպանելու համար են, գլխամաշկի մազերը պաշտպանում են խոնավության, ջերմաստիճանային փոփոխություններից, արևի ճառագայթներից։
Մազաթափությունը, մազափոխոթյունը բնական երևույթ են, սակայն հասունության շրջանից սկսած թափված մազերի փոխարեն հնարավոր է նորերը չաճեն, որպես հետևանք դիտվում է ճաղատություն։ Օջախային մազաթափության դեպքում մազերից զրկվում է մաշկի որոշակի հատված՝ հիմնականում կլորավուն ձևով։
Օջախային մազաթափությունը ոչ սպիական մազաթափություն է. մաշկի սպիական փոփոխություն տեղի չի ունենում, մազաթափությունը կարող է ընդգրկել մարմնի՝ մազ պարունակող ցանկացած հատված։
Օջախային մազաթափության հիմնական պատճառը գենետիկ նախատրամադրվածությունն է, գործոն է նաև իմունային համակարգը (աուտոիմուն համակարգի գրոհում)։
Պարտադիր են հետազոտությունները՝ հասկանալու ուղեկցող խնդիրներ, այլ աուտոիմուն հիվանդություն կա, թե ոչ։ Կարևոր է մաշկաբանի զննումը՝ պարզելու համար մաշկը փոփոխված է, թե ոչ։ Եթե կա կարմրություն, թեփոտվածություն, մազերը կոտրտված են տվյալ օջախում, չի բացառվում սնկային ախտահարումը, որը կարող է լինել վարակիչ։ Ախտորոշման համար մաշկից քերուկ է վերցվում։
Աուտոիմուն պատճառով օջախային մազաթափությունը վարակիչ չէ։
Երեխաների դեպքում օջախային մազաթափության պատճառ կարող է լինել վատ սովորությունը՝ անգիտակցաբար խաղալ մազերի հետ՝ քաշքշելով, մեխանիկորեն թուլացնելով մազարմատը։ Օջախում որպես կանոն ոչ թե թափված մազեր են, այլ կոտրված, վնասված։
Աուտոիմուն պատճառով օջախային մազաթափության բուժման ընտրությունը պայմանավորվում է հիվանդի տարիքով, տարածվածության աստիճանով։ Կիրառելի են տեղային քսուկներ, լուծույթներ, ներմաշկային ներարկումներ, ներքին ընդունման դեղամիջոցներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։