01/07/2022 18:10
Ռուկոլա. Բույսի օգտակար և բուժիչ հատկությունները
Ռուկոլան պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին։ Այն առանձնանում է օգտակար հատկությունների և վիտամինների մեծ պաշարով։
Տերևներն ու ծաղիկներն օգտագործվում են խոհարարության մեջ, իսկ սերմերից շատ օգտակար յուղ է պատրաստվում։ Իր յուրահատուկ համի շնորհիվ բույսը տարածված է այնպիսի խոհանոցներում, ինչպիսիք են՝ միջերկրածովյան և իտալական խոհանոցները:
Բույսի համն ուղղակիորեն կախված է տերևի չափից. որքան փոքր է, այնքան ավելի շատ դառնություն ունի. ուստի ռուկոլայի չափը պետք է ընտրել ըստ նախասիրության։ Ռուկոլան ավելի երկար օգտագործելու համար հարկավոր է այն պահել սառնարանում՝ ջրով լի տարայի մեջ. այդկերպ այն կարող է պահպանել թարմությունը մինչև մեկ շաբաթ:
Ռուկոլան օժտված է խորխաբեր և միզամուղ հատկություններով, որը թույլ է տալիս կարգավորել ջուր-աղ հավասարակշռությունը և ճարպերն այրելու ունակությունը։ Ունի նաև քաղցկեղի բջիջների զարգացումը կանխարգելող հատկություն։ Այս բույսը դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի և մարսողական գործընթացների վրա։ Ռուկոլան անփոխարինելի է այն հիվանդների համար, որոնց մոտ ստամոքսի խոց կամ գաստրիտ է ախտորոշվել։
Բույսը պաշտպանում է ստամոքսի պատերը և կատարելապես ամրացնում դրանք, պայքարում մաշկի հիվանդությունների դեմ, նպաստում վերքերի ապաքինմանը: Բույսից ստացված հյութն օգնում է հեմատոմաների, խոցերի, կոշտուկների և պոլիպների վերացմանը։ Ռուկոլայի մեջ վիտամին C-ի պարունակությունը նպաստում է իմունիտետի բարձրացմանը՝ պաշտպանելով վարակներից։ Վիտամին A-ի առկայության շնորհիվ ռուկոլան բուժիչ ազդեցություն ունի մաշկի, մազերի և եղունգների վրա։
Ռուկոլա օգտագործելը հեշտացնում է ցանկացած սթրեսի դեմ պայքարը, քանի որ այն ունի նյարդային համակարգը ամրացնող հատկություն: Բույսն օգնում է նաև ավելորդ քաշի դեմ պայքարում։
Անհրաժեշտ է հիշել նաև ռուկոլայի մեկ այլ՝ խոլեստերինը իջեցնելու և հեմոգլոբինը բարձրացնելու հատկության մասին: Ֆոլաթթվի առկայությունն էլ իր հերթին մթերքը օգտակար է դարձնում հղիություն պլանավորող կանանց համար։
Ռուկոլան խորհուրդ է տրվում նաև երակային հիվանդություններ և արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։