01/07/2022 20:30
«Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին, իսկ մենք մեր պայքարից չենք շեղվելու»․ Վահե Հակոբյանը՝ ընդդիմադիրների պաշտոնանկության մասին (Տեսանյութ)
Այսօր ազգային խայտառակություն հանդիսացող իշխանություններն իրենց համար կարևոր օրակարգով արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ, նրանց ընկալմամբ, դարակազմիկ որոշում են ընդունել՝ ինձ ու Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոններից, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների պաշտոնազրկման գործընթացին անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանը։
«Այն, թե այս իշխանություններն ինչ են իրենցից ներկայացնում, բոլորս գիտենք․ թե ինչ է կատարվում այսօր Բերձորում ու Լաչինի միջանցքում ու նրանց մոտեցումը այդ պրոցեսներին դրա ևս մեկ ապացույցն է։ Դրա համեմատ իրենց այսօրվա որոշումը ի՞նչ է, որ։ Անկեղծ լինենք․ ի՞նչ է որ այդ որոշումը մեզ համար՝ այն ժողովրդի համար, որն այսօր հավաքվում է այս հրապարակում, ով չի եկել այսօր հրապարակ, բայց մտահոգ է՝ ոնց են մեր հայրենիքը մաս-մաս տալիս»,- ասաց Վահե Հակոբյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ընդգծեց՝ այս ամենը այլ տեսանկյունից է ցավալի․ հերթական հարվածն է հասցվում պառլամենտարիզմի ինստիտուտին։
«Սա ցավալի է նրանով, որ հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին, ավանդույթներին ու մշակույթին, իսկ պաշտոնների մասին մենք ու իմ գործընկերները մտածելու ոչինչ չունենք։ Թող մտածեն Նիկոլն ու նրա «գործընկերները», ովքեր իրար հերթ չտալով՝ գովաբանում են իրեն, թող մտածեն այն միջազգային կառույցները, որոնք շարունակում են լուռ մնալ ու մասնակից են դառնում նրան, թե մեր երկիրը ուր են բերում, հասցնում այս պատուհասները։
Մենք, նորից եմ ասում, մտածելու ոչինչ չունենք։ Իսկ եթե իշխանություններին թվում է, որ մենք սրանով շեղվելու ենք մեր օրակարգից, մեր ծրագրից, մեր պայքարից, վատ լուր ունեմ նրանց համար՝ չարաչար սխալվում են»,- ասաց Վահե Հակոբյանը։