01/07/2022 14:09
Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ
Այս պահի դրությամբ Բերձորի ու մյուս համայքների բնակիչների տարհանման ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում։ Ինչպես հայտնում է tert.am-ը՝ այդ մասին «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Անձամբ երեկ եմ կապ հաստատել այդ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց տեղահանվելու հետ կապված որևէ տեղեկություններ չկան։ Առաջին հերթին հենց Արցախի իշխանությունները պետք է տեր կանգնեն իրենց բնակիչներին, հնարավոր չեմ համարում, որ լինի իրավիճակ, որ այդ մարդիկ պատանդառության մեջ հայտնվեն։ Այս առումով քայլեր ձեռնարկվում են», - նշել է նա։
Ըստ Ստեփանյանի՝ թե՛ Բերձորի, թե՛ Աղավնոյի բնակիչները սոցիալական տեսանկյունից օգտվում են այն նույն արտոնություններից, որոնք սահմանված են տեղահանվածների համար։
«Ես որոշակի տեղեկություններ ունեմ, որ հնարավոր տարբերակների մեջ քննարկվում է՝ եթե ի վերջո ճանապարհի փոփոխություն տեղի ունենա, Աղավնոյի բնակիչներին տեղավորել Հին Շեն և Մեծ Շեն համայնքներում, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որենք գործում են մյուս տեղահանվածների մասով։
Քաշաթաղի բնակիչների համար Հայաստանում բնակարաններ ձեռք բերելու արտոնյալ պայմաններ են տրամադրված», - նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։