01/07/2022 12:15
«Ընդդիմադիրները լկտի պահվածք են դրսևորում». ՔՊ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ ԱԺ փոխնախագահ չեն ընտրի (Տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պահին քննարկել է միայն Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին պաշտոններից հեռացնելու հարցը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե այլ որոշում դեռ չեն կայացրել, բայց առաջիկայում այլ մասով էլ քննարկում կլինի, որոշումներ կկայացվեն։
«Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռևս քննարկման փուլում է, պայմանավորված հետագա զարգացումներով ու ընդդիմադիր պատգամավորների պահվածքով՝ մենք կկայցնենք որոշումներ», - նշեց նա։
Նա չբացառեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնը թափուր մնա, ըստ նրա, դրանով լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա։
«Ազգային ժողովը լեգիտիմ է։ Ընդդիմադիրները կարող են առաջադրել որևէ թեկնածուի, ու ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։
Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորները լկտի պահվածք են դրսևորում ու սանձարձակությունների դիմում։