01/07/2022 20:55
Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
Արցախ-Հայաստան ցամաքային ճանապարհն իրոք ճակատագրական խնդիր է, հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու նախագիծը պետք է հաստատվեր կողմերի համաձայնությամբ։ Ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ մակարդակով են համաձայնություններ ձեռք բերվել, կա՞ն համաձայնություններ և որտե՞ղ են ստորագրվել։ Մենք պնդում ենք, որ այս իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ։
Երեք տարվա ընթացքում պետք է հաստատվեր երթուղու կառուցման նախագիծը, այնինչ 20 ամիս անց Ադրբեջանը կառուցել է 32 կմ երկարությամբ ճանապարհ և արագացված ընթացքով առաջ է մղում իր շահերը։ Ո՞ւմ էձեռնտու այս շտապողականությունը», - հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորը։
Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի մասով, ավելին՝ խախտել է եռակողմ համաձայնագրի բազմաթիվ կետեր։
«Ինչպե՞ս է ստացվում, որ հայկական կողմը հետևողականորեն իրականացնում է համաձայնագրի կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ. որովհետև կառավարության շենքում նստած են դավաճաններ, որոնք սասարկում են Ադրբեջանի շահերը», - ասաց ընդդիմադիր գործիչը։