01/07/2022 21:26
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն այլևս չի պատրաստվում հոկեյ խաղալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Նա այս մասին ասել է իտալական La Reppublica թերթին տված հարցազրույցում։
«Ո՛չ, ես այլևս չեմ խաղա Պուտինի հետ», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին:
Հայտնի է, որ 2012 թվականին բանակցություններից հետո Նիինիստոն և Պուտինը Լենինգրադի մարզում մասնակցել են Ռուսաստանի և Ֆինլանդիայի հավաքականների հոկեյի հանդիպմանը։ Այն ժամանակ Ֆինլանդիայի նախագահը որոշել է խաղալ Ռուսաստանի հավաքականի կարմիր համազգեստով։
Ինչպես հայտնում է rsport.ria.ru-ն, Նիինիստոյի ասածին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ Վլադիմիր Պուտինը բավականին շատ գործընկերներ ունի հոկեյ խաղալու համար:
«Իրականում սպորտը և այնպիսի թիմային սպորտաձևը, ինչպիսին է հոկեյը, նպաստում են փոխադարձ վստահության ձևավորմանը: Եվ այս տեսանկյունից, մի ժամանակ դա շատ, շատ լավ, դրական պրակտիկա էր պարոն Նիինիստոյի նախագահության հենց սկզբում: Դե, հիմա նա ասում է, որ չի խաղալու: Պուտինն իր թիմի, ընդհանուր թիմի անդամների պակաս չունի: Հետևաբար, Պուտինը հոկեյ խաղում է, պարբերաբար դա անում է», - ասել է Պեսկովը: