02/07/2022 11:16
«Մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու». Արթուր Ղազինյանը պնդում է՝ Օնիկ Գասպարյանը պետք է երկու հարցի պատասխան տա
Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ 44-օրյա պատերազմի պարտության (դավաճանության) իրական պատճառները գտնելու համար ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի երկու հարցի:
Ղազինյանը նշել է, թե որոնք են այդ հարցերը:
«1. Ինչու՞ սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈւ-ում և Արցախի ՊԲ-ում չի հայտարարվել համար մեկ մարտական պատրաստականություն:
2. Ինչու՞ չի տրվել ՀՀ ԶՈւ բացազատման (ծավալման) հրաման:
Հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ 2020թ. սեպտեմբերի 25-ին ռազմական հետախուզությունը իմացել է 27-ին սկսվող հարձակման մասին, բայց համար մեկ մարտական պատրաստականության և բացազատման հրաման ՀՀ ԳՇ պետը չի տվել, փոխարենը կոչ է արել զգոն լինել:
2020թ. սեպտեմբերի 27-ին համար մեկ մարտական պատրաստականության է բերվել և բացազատված է եղել միայն 3-րդ բանակային կորպուսը՝ իր հրամանատարի ինքնուրույն որոշմամբ:
Մնացած բանակային կորպուսներում զորքի բացազատում չի իրականացվել. զինվորները գտնվել են զորամասերում, իսկ զենքն ու զինամթերքը՝ զինապահեստներում:
Գրեթե համոզված եմ, որ հույժ կարևոր այս գործողությունները չեն կատարվել Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով, իսկ դրա ապացույցը կարող է ներկայացնել Օնիկ Գասպարյանը: Իսկ եթե չներկայացնի, ապա դրանով կհաստատի, որ ինքը կա'մ կատարյալ տգետ է, կա'մ պետական դավաճան», - Facebook-յան իր էջում գրել է Ղազինյանն՝ ընդգծելով՝ բոլոր մեղավորները պատասխան են տալու, պատժվելու են:
«Մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու . . .», - նշել է ընդդիմադիր պատգամավորը: