02/07/2022 16:52
Հերթական ապօրինությունն է գրանցվել․ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը
«Մայիսի 14-ին կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը այսօր հանրային հրապարակում է կատարել, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Չալաբյանի գործով իրականացվող հերթական իրավախախտման վրա: Վարազդատ Հարությունյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդության մերժման որոշման դեմ փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքը ավտոմատ համակարգով մակագրվել է մի դատավորի, ապա, ըստ երևույթին արդեն ոչ ավտոմատ համակարգով նշանակվել այլ դատավորի, ինչը դատարանի վրա ներգործության արձանագրում է և ակնհայտ ապօրինություն:
«Երեկ զանգում ենք Վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ և շատ հստակ պատասխանում են, որ դատավոր Արշակ Վարդանյանին են մակագրել գործի քննությունը։ Այսօր զանգահարում ենք պարոն Վարդանյանի կազմ՝ տեղեկանալու, թե արդյոք նիստ նշանակվե՞լ է։ Պատասխանում են, որ մենք այդպիսի գործ չենք ստացել։ Կրկին զանգահարում ենք գրասենյակ և մեզ պատասխանում են, որ գործը մակագրվել է դատավոր Տիգրան Սիմոնյանին»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Վարազդատ Հարությունյանը: Նա ընդգծել է, որ սա հերթական ապօրինությունն է, որին իրենք դեռ կանդրադառնան:
Չալաբյանի պաշտպանական խումբը հատկանշական է համարում, որ նրա գործը վերամակագրվել է այս պահին դատավորների վարկանիշավորման «helpcourt» համակարգում ամենացածր ռեյտինգ ունեցող դատավորին: Հետաքրքիր զուգադիպությամբ վատագույն ռեյտինգի երկրորդ հորիզոնականում այն դատավորն էր, որի կայացրած կալանավորման որոշումը դեմ հենց փաստաբանների բողոքն էր քննվելու: Դատավորների ռեյթինգը ձևավորվում է բացառապես իրավական գնահատականների վրա և վատագույն ռեյթինգը կարող է նշանակել ենթադրյալ կանխակալություն և ոչ արդար որոշումներ:
«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով փոփոխությունների է ենթարկվել»,-- նշված է հայտարարությունում։