02/07/2022 18:46
«Ես անմահ եմ». տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված «Կյանքից առավել» գրքի շնորհանդեսը
«Եթե ամբողջ աշխարհն էլ ասի, որ ես չկամ, խաբում են. ես կամ, քո սրտում եմ». 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված «Կյանքից առավել» գիրքն արդեն հասանելի է ընթերցողներին։ Գրքում ներկայացված է պատերազմում անմահացած հերոսների 54 կենսապատում։
Խմբագիր Լուսինե Զաքարյանն ասում է՝ գիրքը ծնվեց արցունքից ու ժպիտից, հիացմունքից ու ցավից, գիրքը ոչ թե մահվան, այլ կյանքի մասին է, ձևավորված է վառ ու գունեղ, ինչպես տղաների կյանքն էր։ Հերոսների կյանքի հուզիչ դրվագների կողքին շեշտված են նրանց սկզբունքները, արժեքները։ Վերնագրերն ընտրվել են նրանց խոսքերից։
«Լսի՛ր հողի սրտի բաբախը...». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի խոսքերն են, գրքի ստեղծման նախաձեռնության հեղինակը Արցախի հերոսի մայրն է՝ «Որդուս» հասարակական-կազմակերպության հիմնադիր Կարին Տոնոյանը։
«Մեր զավակները մեզ սովորեցրին, որ մայրերի հանդեպ իրական սերը հենց հայրենիքի հանդեպ սերն է։ Նրանք, որ ամեն գնով փորձում են իրենց զավակներին հեռացնել հայրենիքից՝ իբրև թե փրկելու համար, զրկում են այդ զավակներին իրական սիրո բերկրանքից. չէ՞ որ մայր հայրենիք ենք ասում, և եթե մայր բառի նկատմամբ կա այդքան մեծ սեր ու հարգանք, ինչպե՞ս կարելի է մայր հայրենիքից փախչել»։
Վկայակոչելով ռուս-ուկրաինական պատերազմը՝ Կարին Տոնոյանը ցավով արձանագրեց՝ քանի հազար հայորդի է զոհվում այդ պատերազմում, և նրանցից շատերի ծնողներն էլ իրենց զավակներին գուցե հեռացրել էին հայրենիքից՝ օտար երկրներում խաղաղ կյանք ապահովելու համար, բայց...։ Մտածում եմ՝ ինչ երջանիկ ենք մենք, որ մեր զավակների հավերժության իմաստը սեփական հայրենիքն է, և ոչ օտար ափերը։
Կարին Տոնոյանը կոչ արեց դահլիճում ներկա 44-օրյա պատերազմի հերոսների ծնողներին միասնաբար պայքարել իրենց զավակների՝ հզոր հայրենիք ունենալու երազանքի համար։
«Կյանքից առավել» գիրքը ոչ միայն հերոսներին ապրեցնելու, նրանց հիշատակը վառ պահելու համար է ստեղծվել, այլ նաև նրանց սրբազան պատգամը՝ «Արցախին մենակ չթողնեք»-ն իրագործելու համար է։
Գրքի առաջին հատորի վաճառքի ողջ հասույթն ուղղվելու է «Կյանքից առավել»-ի հաջորդ հատորների ստեղծմանը։