04/07/2022 19:50
Անորեքսիա. Հիվանդության առաջացման պատճառներն ու բուժումը
Անորեքսիան սննդային խանգարումների խմբին պատկանող հոգեկան խանգարում է, բնութագրվում է արտաքին տեսքի մերժմամբ, սննդից հրաժարվելով, դրա կլանման խոչընդոտների ստեղծումով և քաշը նվազեցնելու նպատակով նյութափոխանակության խթանմամբ։
Անորեքսիայի տարածվածությունը որոշվում է տնտեսական, մշակութային և անհատական ընտանեկան գործոններով:
Տղամարդկանց մոտ անորեքսիա հազվադեպ է նկատվում: Որպես կանոն, հիվանդությունը զարգանում է մի քանի գործոնների համակցությամբ՝ կենսաբանական, հոգեբանական, միկրո և մակրոսոցիալական։
Այդ գործոնների ազդեցության տակ ձևավորվում են ավելորդ քաշի, սեփական անհրապույրության, դեֆորմացիայի մասին մոլուցքային, զառանցական մտքեր։ Ներդրվում են սննդակարգի խիստ սահմանափակումներ, արգելակվում է սննդային բնազդը և ինքնապահպանման բնազդը։
Առանց հոգեթերապևտիկ և բժշկական օգնության անորեքսիան հանգեցնում է մի շարք սոմատիկ հիվանդությունների: Առավել հաճախ երիտասարդների մոտ աճի և սեռական զարգացման ուշացում է նկատվում։ Հիվանդների մաշկը սպիտակուցների բացակայության պատճառով չոր, գունատ, մածուցիկ և այտուցված է: Մարսողական համակարգի բարդություններից են քրոնիկ փորկապությունը և որովայնի սպաստիկ ցավը: Ոսկորները դառնում են փխրուն, կոտրվածքները՝ հաճախակի։
Անորեքսիան ունի հստակ կլինիկական նշաններ, որոնք հեշտությամբ ճանաչվում են հոգեբույժների և հոգեթերապևտների կողմից
Մարմնի քաշի պակաս. Հիվանդների քաշը նորմայից պակաս է առնվազն 15%-ով։
Հիվանդի նախաձեռնություն. Քաշի կորուստը պայմանավորված է հենց հիվանդի ակտիվ գործողություններով (հարկադիր քաղց):
Մարմնի դիսմորֆիկ խանգարում. Անորեքսիայի դեպքում հիվանդի մոտ միշտ դժգոհություն կա մարմնի հետ, քաշի և արտաքին տեսքի անբավարար գնահատում: Գիրության վախը և քաշը նվազեցնելու ցանկությունը դառնում են գերագնահատված գաղափարներ:
Թերապիայի ինտենսիվությունը և տևողությունը կախված է պաթոլոգիայի ծանրությունից, դրա պատճառներից, հիվանդի տարիքից, նրա հոգեկան և ֆիզիկական վիճակից: Բուժումը կարող է իրականացվել ամբուլատոր կամ ստացիոնար հիմունքներով, երբեմն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ ուղղված սոմատիկ առողջության վերականգնմանը, սեփական մարմնի մասին համարժեք կարծիքի ձևավորմանը և սննդակարգի նորմալացմանը։
Բուժումն իրականացվում է հոգեթերապիայի, դիետիկ թերապիայի և դեղորայքային շտկման մեթոդներով։ Բուժման ամենաարդյունավետ ուղղությունը կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան է։ Սկզբնական փուլում զրույցներ են անցկացվում, որոնց ընթացքում քննարկվում են հիվանդության առանձնահատկությունները։ Ձևավորվում է անձի և մարմնի կերպարի դրական ընկալում, նվազում է անհանգստությունը, լուծվում ներքին կոնֆլիկտը։ Վարքագծային փուլում մշակվում և յուրացվում են մեթոդներ, որոնք կօգնեն վերականգնել նորմալ սննդակարգը, սովորել վայելել սնունդը, շարժումը և հաղորդակցությունը:
Անորեքսիայի արդյունքը մեծապես որոշվում է թերապիայի մեկնարկի ժամանակով: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի հավանական է կանխարգելումը:
Անհրաժեշտ է խթանել առողջ ապրելակերպը, սպորտը, հավասարակշռված սննդակարգը և նորմալ քաշը։ Ընտանիքում կարևոր է պահպանել դրական հույզերի հետ կապված սննդի փոխանակման ավանդույթները, երեխաներին սովորեցնել դրական վերաբերմունք ձևավորել արտաքին տեսքի նկատմամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։