04/07/2022 12:59
Շատ կարևոր է, որ Եվրոպայի միությունը ոչ միայն լռությամբ հետևել է արդարադատության «ջհանգիրյանական» էջին, այլև աջակցել է. Վարդևանյան
Շատ կարևոր է, որ Եվրոպայի միությունը ոչ միայն լռությամբ հետևել է արդարադատության «ջհանգիրյանական» էջին, այլև աջակցել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նաև, կարծում եմ, շատ կարևոր է, որ նույն Եվրոպայի միության դեսպանը և ներկայացուցիչները գիտակցեն, որ, ի վերջո, խնդիրն այստեղ ոչ թե ԵՄ-ի հետ է, այլ ԵՄ լռության հետ, որովհետև եվրոպական արժեքները երկակի ստանդարտների մասին չեն։
Մենք ունենք տասնյակ կալանավորված ընկերներ, որոնց գործերը բացառապես պատվերների, զուտ ոստիկանների ցուցմունքների հիման վրա «կարված» գործեր են», - ասաց պատգամավորը։
Արամ Վարդևանյանի խոսքով՝ 50 ապօրինի կալանավորված քաղաքացիների թիվն այս շաբաթների ընթացքում նվազել է, և այս պահի դրությաբ՝ կալանքի տակ է մնում իրենց ընկերներից 23-24-ը։
«Երեկ մեր ընկերներից Իգոր Խաչատուրովի ծննդյան օրն էր։ Մենք այդ օրը գտնվում էինք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և բոլորի անունից շնորհավորանքներ փոխանցեցինք մեր ընկերոջը։
Ի դեպ, ոչ միայն տրամադրությունն էր տեղը, այլ նաև Արցախի դրոշը՝ իր շապիկին։ Տրամադրությունը՝ տեղը, պայքարի վճռականությունը՝ տեղը», - ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ վաղը՝ ժամը 11։00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից իրականացնելու են երթ, իսկ ուրբաթ օրը հանրահավաք է տեղի ունենալու։