04/07/2022 13:21
«Դիմադրության» շարժման փողոցային պայքարը և, առհասարակ, այս պրոտեստն այլընտրանք չունեն. Արամ Վարդևանյան
Մի բան հստակ է, որ «Դիմադրության» շարժման փողոցային պայքարը և, առհասարակ, այս պրոտեստն այլընտրանք չունեն, այս գործողություններին այլընտրանք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Չեմ պատկերացնում, թե այս պայմաններում ինչպես կարելի է գնալ, Ազգային ժողովում ինչ-որ տեխնիկական հարցեր քննարկել կամ ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է։ Մենք գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, և դրան պետք է համարժեք արձագանք լինի։
Ես գիտեմ, որ հիմնական քննադատությունը, բողոքն ավելի շատ լինում է, թե մեր ակցիաները լինում են խաղաղ տրամաբանության մեջ», - ասաց պատգամավորը։
Ի պատասխան հարցին՝ ընդդիմությունը միայն ակցիաներո՞վ է բավարարվելու՝ Վարդևանյանը հավաստիացրեց, որ իրենք այս ընթացքում չերևացող գործողություններ են իրականացնում, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։
«Բավականաչափ լուրջ աշխատանք տարվում է, ճանապարհային քարտեզն էլ, գործողությունների ծրագիրն էլ առկա են։ Տարաձայնություններ բացարձակապես չկան, միասնականությունն ավելի է բարձրանում։ Սա վերկուսակցական շարժում է, որի բաղադրիչներից մեկը համազգային բնույթ ունենալն է։ Պառակտման որևէ խնդիր չեմ տեսնում», - ասաց Արամ Վարդևանյանը՝ ընդդիմադիր պատգամավորների հրաժարականները պայմանավորելով Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ-ում ունեցած պաշտոններից զրկելով։
Վերջում պատգամավորը հերքեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Էլինար Վարդանյանի՝ խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին լուրերը։