04/07/2022 17:34
ԱՄՆ-ն արժեքավոր ներդրում կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման գործընթացում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության օրվա առթիվ Միացյալ նահանգների նախագահ Ջո Բայդենի հղած իր ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանի հետ «հարաբերությունների կարգավորմանը»՝ նշելով, թե Բաքուն «լիահույս է», որ Վաշինգտոնը ակտիվ դերակատարում կունենա Հարավային Կովկասում «կայուն խաղաղության հաստատման» հարցում, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։
«Մենք գտնում ենք, որ ԱՄՆ-ն կարևոր դերակատարում կարող է ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, հաղորդակցությունների բացման ու մարդկանց միջև շփումներ հաստատելու հարցում՝ մի ժամանակաշրջանում, երբ «բարենպաստ պայմաններ են ստեղծվում» Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու տնտեսական առաջընթացի համար։
Միևնույն ժամանակ գտնում ենք, որ ԱՄՆ-ն արժեքավոր ներդրում կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման գործընթացում՝ հիմնված մեր ներկայացրած հինգ սկզբունքների վրա»,- նշված է Ալիևի ուղերձում։