04/07/2022 13:59
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտով հիվանդ երեխաները պետական հոգածության կարիք ունեն (Տեսանյութ)
Տավուշի մարզի Բերդավան համայնքում ծնված երկու աղջնակները՝ Մանեն և Ինգան, նույն հիվանդությունն ունեն՝ Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ։
10 տարեկան Սահակյան Մանեն 3 տարեկան է եղել, երբ ոտքերում սարսափելի ցավ է զգացել։ Փոքրիկը դժվարացել է ինքնուրույն քայլել։
Երկար հետազոտություններ անցելուց հետո, ախտորոշվել է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ։
«Արաբկիր» բժշկական կենտրոնում Մանեն 5 տարեկանից դեղորայքային բուժում է ստանում։
«Հիմա ցավերը քչացել են, ես տարբերությունը զգում եմ։ Կարողանում եմ բակում խաղալ, ինքնուրույն գնալ դպրոց, վերադառնալ։ Մինչև բուժում ստանալը չէի կարողանում խաղալ։ Իմ ոտքերն ուռչել էին, երբ խաղում էի՝ ընկնում էի» , - պատմում է Մանեն։
Չնայած նրան, որ դեղորայքային բուժումից հետո Մանեն կարողանում է ինքնուրույն գործողություններ անել, բայց ասում է, թե սրտի ուզած ամեն բան չէ, որ կարողանում է անել, քանի որ երբեմն ցավեր է ունենում, երբեմն էլ մի ձեռքը սամանափակ է շարժվում։
Մանեն դպրոցում լավ է սովորում, մտադիր է մատնահարդար կամ վարսահարդար դառնալ։
«Որ մեծանամ, թիթիզ աղջիկ եմ դառնալու, տեսանյութեր նկարեմ», - ասում է նա։
Նրա տատիկը՝ Լիլիկ Դուրինյանն, նշում է, որ բուժումն իր արդյունքը տվել է։
«Նախկինում ամիսը երկու, ապա մեկ անգամ էր դեղորայք ստանում, հիմա արդեն մեկուկես ամիս հաճախականությամբ կլինի դա»։
Տիկին Լիլիկի խոսքով՝ դեղերը բավական թանկարժեք են, դժվար հասանելի իրենց. «Հովանավոր ենք գտել, նրա միջոցով կարողանում ենք բուժում ստանալ։ Հիմա արդեն երեխան նորմալ սնվում է, էլ ցավերից չի լացում, իրեն լիարժեք մարդ է զգում»։
Մանեի տատիկի խնդրանքն է, որ պետությունն ուշադրություն դարձնի այս հիվանդությունն ունեցող երեխաներին։
«Ճիշտ է՝ մենք հովանավոր ունենք, նրա միջոցով դեղը ստանում ենք, բայց եթե չլինի, չգիտենք, թե ինչ ենք անելու։ Այս հիվանդությունն ունեցող երեխաները բուժման կարիք ունեն, ծնողներն էլ՝ պետական հոգածության»։
17-ամյա Ինգա Ապրիկյանի մոտ ավելի ուշ է նկատվել հիվանդությունը՝ 14 տարեկանում։ Դրա պատճառով Ինգան 3 տարի դպրոց չի հաճախել, բաց է թողել 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանները։
«Ձեռքերս և ոտքերս ուռչել էին, հեղուկ էր հավաքվել։ Հետազոտություններից հետո սկսեցի բուժում ստանալ։ Առաջ չէի կարողանում քայլել, միշտ պառկած էի լինում, ոտքս առաջ չէր գնում, քաշելով էի առաջ տանում, իսկ հիմա նորմալ շարժվում եմ, դպրոց եմ գնում, ամեն ինչ ինքնուրույն եմ անում», - պատմում է Ինգան։
Ինգան որոշել է լուսանկարիչ կամ մատնահարդար դառնալ։ Նրան նույնպես բարերարներն են օգնում՝ դեղորայք ստանալու հարցում։
Ինգան ուրախ է, որ վերջապես միացել է ընկերներին, կարողանում է լիարժեք խաղալ նրանց հետ։