04/07/2022 17:05
Վրաստանում աճեցված հացահատիկի ու գարու արտահանումն արգելվել է․ 2021 թվականին Հայաստան է ներկրվել 1,4 հազար տոննայից ավելի ցորեն
Վրաստանում այսօրվանից ուժի մեջ է մտել տեղում աճեցված ցորենի ու գարու արտահանումն արգելող որոշումը, որը երկրի կառավարությունն ընդունել է հունիսին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։
«Հացահատիկի և գարու արտահանման արգելքի մասին կառավարության՝ ավելի վաղ ընդունած որոշման մեջ փոփոխություններ չեն արվել, հետևաբար, այն այսօրվանից մտել է ուժի մեջ»,- նշել են Վրաստանի կառավարությունում։
Նշենք, որ հիշատակված որոշումը գործելու է մինչև 2023 թվականի հուլիսը։ Ընդ որում, Վրաստանում աճեցված եգիպտացորենի արտահանման վրա արգելք դրված չէ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2021 թվականի ընթացքում Վրաստանից Հայաստան է արտահանվել 1,4 հազար տոննայից ավելի ցորեն, 49 տոննա արտահանվել է Թուրքիա, 40 տոննա՝ Ուկրաինա։