05/07/2022 13:10
ՀՀ նախագահի հիմնական առաքելությունն ամեն բան տեսնելը և ամեն բանի մասին լռելն է. Աննա Գրիգորյան
Նիկոլի կողմից նշանակված խամաճիկն այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը, այլ ՔՊ շահերը պահպանելու, «Դիմադրության» շարժման՝ նախագահական նստավայրի դիմաց կանգառի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ նկատի ունենալով ՀՀ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին։
«Նա այստեղ է եկել, որպեսզի լռի։ Իր հիմնական առաքելությունն ամեն բան տեսնելը և ամեն բանի մասին լռելն է։ Նա լռում է, երբ ՀՀ սուվերեն տարածքից զինվոր են առևանգում, այստեղ նստած անձը ստորագրում է ցանկացած օրենք, որ գալիս է ԱԺ-ից, սակայն նույնիսկ ծպտուն չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որը շանտաժի մասին է. ասում է՝ կա՛մ գնա, կա՛մ գործ ենք կարելու։
Նա լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, երբ հատուկ միջոց է կիրառվում ժողովրդի նկատմամբ, լռում է տասնյակ քաղբանտարկյալների առկայության պարագայում», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պառլամենտական կառավարման ձև ընտրած Հայաստանում նախագահի ինստիտուտն անարգվում է։
Որպես ասածի օրինակ՝ Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից հրաժարական ներկայացրեց այլ երկրից՝ նույնիսկ հարկ չհամարելով ՀՀ քաղաքացիներին բացատրել՝ ինչու է գնում այդ քայլին։
«Եթե նախագահի աթոռը թափուր լիներ, դրանից ոչինչ չէր փոխվելու, որովհետև նա ունի երկրի շահերին վերաբերող զրո գործառույթ», - ասաց պատգամավորը։