05/07/2022 13:30
Այսօր Մայր օրենքը վերածվել է մեկ մարդու կամակատարության. Թադևոս Ավետիսյան
Սահմանադրությունը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր Մայր օրենքը և դրանից բխող բոլոր օրենքները, ցավոք, վերածվել են մեկ մարդու, մեկ խմբակի կամակատարության, «Դիմադրության» շարժման կազմակերպած երթի՝ ԱԺ դիմաց կանգառի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Մեր երկրում այլևս հաստատված է փնթի բռնապետություն, գործում է ոստիկանապետություն, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն։
Գործող իշխանությունների լեգիտիմությունը զրո է, քանի որ նրանք գողացել են հայ մարդու քվեն, նրանք խաբել են սրիկայաբար, վերցրել ժողովրդի քվեն, ու մեր երկիրը տանում են կործանման։
Նրանք իշխանության գալիս խոստանում էին երջանկություն, բայց մեր տուն բերեցին դժբախտություն ու հայրենազրկում, խոստանում էին բարեկեցություն, բայց հայ մարդն ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը, խոստացել էին Արցախի ինքնորոշում, հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր նույնիսկ չեն կարողանում արտաբերել, որ Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին», - ասաց պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ թշնամու առաջ ծնկած, պարտված և ձախողված իշխանությունը չի կարող խաղաղություն ապահովել։
«Նրա բերածը լինելու է կա՛մ նոր պատերազմ, կա՛մ հայրենազրկում, բայց դա չի լինելու։ Սրանք եկան իշխանության և թշնամացրեցին ժողովրդին, որովհետև լավ գիտեն՝ հայ մարդու հավաքական ուժը պարտվել չգիտի», - ասաց պատգամավորը։