05/07/2022 14:52
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման
ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում իր անհամաձայնությունն է հայտնել որոշման վերաբերյալ:
«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմը: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք, մեծ չէ, բայց, կարծում եմ, որ այն կարևոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի», - ասել է կոնգրեսականը:
Նրա կարծիքով Արցախում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռնվի կրկին ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:
«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները», - ասել է նա: