06/07/2022 18:50
Լեղաքարային հիվանդություն. Պատճառները, կենսակերպը՝ վիրահատությունից հետո
Լեղապարկում և լողածորանում (հազվադեպ) քարերի առաջացումը բնորոշվում է որպես լեղաքարային հիվանդություն, առաջացման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումներն են, հիմնական գործոն համարվում է խոլեստերինային փոխանակության խանգարումը՝ լեղու մեջ խոլեստերինի քանակի բարձրացումը։ Նպաստում է ճարպով հարուստ, բարձր կալորիականությամբ սննդակարգը։
Լեղաքարային հիվանդության առաջացման գործոն է նաև ժառանգականությունը, սննդային սովորությունները ևս կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։
Ճարպակալում ունեցողները ռսիկի խմբում են, քանի որ, երբ խանգարվում է խոլեստերինի փոխանակությունը, լեղու մեջ խոլեստերինի պարունակությունը հատում է թույլատրելի նորման, լեղին դառնում է քարածին, առաջանում են խոլեստերինային քարեր։ Հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնալ փոփոխությունները, լեղապարկի կծկողականության խանգարումը, լեղապարկի պարազիտար ախտահարումը։
Հիվանդության երեք շրջան է առանձնացվում՝ ֆիզիկոքիմիական շրջան, այս փուլում քար չկա, բայց կա լեղու ֆիզիկոքիմիական հատկությունների փոփոխություն՝ լեղու բյուրեղացում, երկրորդ շրջանում կարող են լինել քարեր (կարող են լինել առանց ախտանիշների), երրորդ շրջանը քարերի պատճառով առաջացող ախտանշաններն են, կլինիկական երևույթների ի հայտ գալը։
Այսինքն՝ սկզբնական շրջանում տեղի է ունենում լեղու թանձրացում, ձևավորվում են մանր ավազահատիկներ, որ հետագայում իրար կպչելով սկսում են ձևավորել մանր քարեր, ապա մեծ քարեր։
Լեղաքարային հիվանդություն ունեցողների հիմնական ախտանշանը ցավն է, որ որպես կանոն սուր բնույթի է լինում, ի հայտ է գալիս հանկարծակի, հիմնականում դրսևորվում է աջ թուլակողի շրջանում, կարող է տարածվել աջ թիակի շրջան, աջ ուսահոդ։ Ցավի պատճառ դառնում են քարերը, որ տեղաշարժվելով լեղու հոսքի հետ, նեղացնում կամ փակում են լեղապարկի ծորանը։
Ախտորոշման ոսկե ստանդարտ համարվում է ուլտրաձայնային հետազոտությունը։ Վիրահատական միջամտության ոսկե ստանդարտն էլ լապարասկոպիկ վիրահատությունն է։ Կարևոր է վիրահատությունից հետո առողջարար, ճիշտ սննդակարգով ապրելը, ճարպոտ, կծու, թթու սննդամթերքը սահմանփակելը, քաղցած չմնալը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։