06/07/2022 09:35
«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել, քանի որ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում անհանգստացած են Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան աղմկահարույց ձայագրության մասով: Ինչպես հայտնի է, հունիսի 20-ին հրապարակվել էր ԲԴԽ արդեն նախկին նախագահների աղմկահարույց ձայնագրությունը, որը բացահայտեց, թե մեր երկրում ինչպես են մեղադրանքները առաջադրվում, և գործերը՝ քննվում:
Ձայնագրությունը հրապարակելուց հետո Վարդազարյանը պարզաբանեց, որ իրեն առաջարկվել է ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ։ Նրա խոսքով՝ իրեն ժամանակ էր տրված մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին. պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր:
Եվ ահա, այդ ձայնագրության հանրայնացումից հետո դատական համակարգում անհանգստացած են, քանի որ շատ դատավորներ տարբեր հարցերով գնացել են ԲԴԽ ու զրույցներ են ունեցել Ջհանգիրյանի հետ, հիմա հիշել են և սկսել մտահոգվել. բա որ մի օր էլ իրե՞նց զրույցները հրապարակվեն: Հավելենք նաև, որ, դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն, Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել, քանի որ հիմնական՝ մոտ 2.5 ժամ տևած զրույցի ձայնագրության մեջ նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անձամբ Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը տեղ է հասել»։