06/07/2022 13:08
Այդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում 44-օրյա պատերազմը. վերջում պարզվեց՝ մեղավորը վարչապետն է. ՔՊ-ականը՝ Պապիկյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի համար այդպես էլ հասկանալի չէ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ով էր ղեկավարում պատերազմը:
«Մենք 44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք, թե ով էր ղեկավարում պատերազմը, ամեն մեկն իր վրայից գցում էր այդ պատասխանատվությունը և վերջում պարզվեց, որ մեղավորը վարչապետն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե Գլխավոր շտաբի պետը դառնում է նախարարի առաջին տեղակալը, պատերազմի դեպքում պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում՝ ԳՇ պետի՞, թե՞ նախարարի», - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, հետաքրքրվեց պատգամավորը:
Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե՛ գործող, թե՛ նոր օրենքով ու կարգավորումներով յուրաքանչյուր անձ պատասխանատվություն է կրում իր գործողությունների համար, բայց քաղաքական պատասխանատուն, բնականաբար, հանդիսանում է Պաշտպանության նախարարը։
«Սակայն, դա ենթադրում է նաև, որ յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պիտի այդ լիազորություններն իրացնելու կամք ունենա։ Կան ղեկավար փաստաթղթեր, որոնցով և՛ Պաշտպանության նախարարը, և՛ ԳՇ պետն ունեն պարտականություններ և լիազորություններ։ Այսօրվա գործող Սահմանադրությունը մեզ ինչ թույլ է տվել՝ արել ենք», - նշեց նախարարը։