06/07/2022 15:57
Դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց. փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն. Սուրեն Պապիկյանն՝ ընդդիմությանը
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ՝ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին:
«Նախ՝ Զինված ուժերը ենթարկվում է նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո՛, Զինված ուժերը պետք է ենթարկվի նախարարին և գերագույն հրամանատարին, որպեսզի այլ հարցեր չառաջանան։ Ես շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ», - Ազգայն ժողովում այս մասին ասաց Պապիկյանը:
Նա նշեց, թե շահագրգիռ կլիներ, եթե ընդդիմությունը ևս մասնակցեր այսօրվա նախագծերի քննարկմանը և օբյեկտիվ առաջարկներ ներկայացներ:
Պապիկյանը հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորներից մեկը զանգահարել է գլխավոր զինկոմին ու հարցրել, թե ինչու են ընդդիմության համակիրներին տանում եռամսյա հավաքների:
«Դուք ՀՀ քաղաքացինե՞ր եք, թե՞ ոնց: Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը հեշտ է, երբ կատարվում է փափուկ ու հանգիստ պայմաններում, բայց դուք, իհարկե, չեք փրկում, փորձում եք երկիրը տանել դեպի անորոշություն: Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին, մասնակցեք եռամյսա հավաքներին», - ասաց Սուրեն Պապիկյանը: