06/07/2022 11:59
Չեմ կարծում, որ էս իրավապահ համակարգում ընենց թասիբով տղերք կան, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն. Գարիկ Գալեյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք պահանջում են, որ իրենց քրեական գործերը Քննչական կոմիտեից տեղափոխվեն ԱԱԾ, քանի որ Քննչական կոմիտեին չեն վստահում։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները օրեր առաջ հանդիպել էին գլխավոր դատախազի հետ և ներկայացրել իրենց պահանջը:
Ծնողները պահանջում են, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:
Լրագրողների հետ զրույցում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց, որ առանձնապես սպասելիքներ չունեն Արթուր Դավթյանից։
«Իրավական համակարգում անպատժելիության մթնոլորտ է։ Արգիշտի Քյարամյանին ինչի՞ համար են կոչում շնորհել, որ ծածկադմփո՞ց անեն մեր տղերքի գործը», - ասաց Գալեյանը։
Նա նշեց, թե, կարծում են, որ ԱԱԾ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կբացահայտեն դավաճանությունը.
«Մինչև վերջ պայքարելու ենք։ Չեմ կարծում, որ էս իրավապահ համակարգում կան ընենց թասիբով տղերք, որ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկեն», - նշեց Գալեյանը։