06/07/2022 10:00
«Ժողովուրդ». Վաղը, մյուս օրը, իշխանությունը հանգիստ կարող է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցը ընդդիմությունը Սահմանադրական դատարանում չի վիճարկի:
«Ժողովուրդ» օրաթերթին այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Վիճարկենք այն նույն դատարանում, որ ծանր վիրավորանքի՝ քրեական օրենսգրքի հոդվածը սահմանադրակա՞ն ճանաչեց: Չենք դիմելու», - ընդգծեց Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիրները հենց ընտրությունների վիճարկման հայցով սկսել, այնուհետ զարգացրել էին ՍԴ դիմելու պրակտիկան: Մեկ տարվա ընթացքում ընդդիմությունը, հենց Վարդևանյանի գլխավորությամբ, ավելի քան մեկ տասնյակից ավելի հայցերով դիմել է մայր դատարան, իսկ հիմա մարտավարությունը փոխվել է: Արդյունքում քաղաքական իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», միանգամից ու անարգել կարող է զրկել ընդդիմադիրներին պաշտոններից:
Վաղը, մյուս օրը, փաստորեն, մի բաժակ ջուր խմելու հանգստությամբ իշխանությունը կարող է նաև ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկել, կյանքի կոչել, ինչի առիթով ներքին քննարկումները սկսել են արդեն»։